Հատուկ առաջարկ. մատչելի ձևաչափերով տպագրություն
«Զարտպրինտն» առաջարկում է ծառայություններ, որոնք մատչելի են դարձնում տեղեկատվությունը տարբեր կարիքներ ունեցող անձանց համար, մեծացնելով նաև ձեր լսարանը և վարկանիշը: Մատչելի ձևաչափերը ներառում են Բրայլի համակարգով (փոքր ծավալի), խոշոր տառատեսակով, հակադիր գույներով տպագրություն, աուդիոգրքերի ձայնագրում և բազմացում, պարզեցված տեքստերի մշակում և այլն:
Դյուրընթեռնելի նյութերի ապահովումը ժողովրդավարության և մատչելիության խնդիր է: Բոլորն ունեն մշակույթին, գրականությանը հաղորդակից լինելու, տեղեկատվություն ստանալու իրավունք, իրենց հասանելի ձևերով: Կյանքի որակը մեկ այլ կարևոր գործոն է, որն ապահովում է տեղեկատվության մատչելիությունը, որի միջոցով մարդիկ կարողանում են կիսել գաղափարներ, իրենց մտքերը, փորձը և զարգանալ:
«Զարտպրինտը» ցանկանում է իր փոքր ներդրումն ունենալ այս գործում և առաջարկում է հետևյալ ծառայությունները.
Բրայլյան տպագրություն
Բրայլյան տպագրությունը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Դրանով գրված տեքստը կարդում են՝ ցուցամատը նշանների վրայով սահեցնելով:
Այս տպագրությունն անչափ կարևոր է տեսողության խնդիրներ ունեցող ձեր գործընկերների, դոնորների, հաճախորդների և շահառուների համար: Դրանք խոսում են բիզնեսի լավ զգացողության մասին, բացի այդ, ուշագրավ և հիշարժան են:
Բրայլյան տպագրությունը կարող է զետեղվել ձեր նախընտրած գույնի կամ պատկերի վրա: Դրանց վրա տեքստային ինֆորմացիան կարող է ամբողջովին տեսանելի և կիրառելի լինել, ուստի կարող եք բրայլյան և տեքստային նյութերը համատեղել:
«Զարտպրինտն» առաջարկում է բրայլյան տպագրությամբ այցեքարտեր, հրավիրատոմսեր, օրակարգեր, թռուցիկներ և այլ նյութեր:
Հակադիր գույներով տպագրություն
Հակադիր գույներով տպագրական նյութերը կարող են հեշտացնել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ընթերցելու գործընթացը: Տեքստի և խորապատկերի գունային խիստ տարբերությունը ընդգծում է բովանդակությունը: Եթե ցանկանում եք, որ ձեր ձեռնարկը, այցեքարտը, գրքույկը կամ այլ տպագրվելիք բովանդակությունը հարմար և դյուրընթեռնելի լինեն, օրինակ, տարեց մարդկանց համար, հակադիր գույներով տպագրությունը լուծումներից մեկն է: Հիմնականում կիրառվում է սևը կամ մուգ կապույտը` սպիտակ կամ դեղին խորապատկերին, կամ սպիտակ/դեղին տեքստը սև/մուգ կապույտ խորապատկերին ձևաչափերը:
Խոշոր կամ այլ տառատեսակ
Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար կարող եք նյութերի մի մասը տպագրել այլ տառատեսակով, ավելի մեծ կամ փոքր տառաչափով: Տառերի միջև եղած տարածության մեծ լինելը ևս կարող է ընթերցվող դարձնել:
Տպագրության ընթացքում կարևոր է նաև թավ կամ շեղ տառերի առկայությունը, որոնք ընդգծում, առանձնացնում են տեքստից կարևոր կամ լրացուցիչ հատվածները: Դրանք ևս մատչելի տպագրության մասն են կազմում:
Աուդիոգրքերի ձայնագրում և բազմացում
«Զարտպրինտն» առաջարկում է աուդիոգրքերի ձայնագրություն և բազմացում, որոնք այսօր լայն տարածում ունեն և հեշտացնում են ոչ միայն տեսողության խնդիր ունեցող անձանց տեղեկություն ստանալու, գիրք կարդալու խնդիրը, այլ նաև նրանց, ովքեր նախընտրում են տեղեկությունը լսել՝ կարդալու փոխարեն:
Պարզեցված տեքստերի մշակում
Պարզեցված տեքստերը երկու սահմանում ունեն. առաջին` դրանք հեշտ են կարդալու համար, այսինքն՝ դյուրընթեռնելի են, երկրորդ` տեքստի ադապտացումն է, որն օգնում է տեքստի ընկալմանը: Պարզեցված տեքստերի նպատակն է հրապարակումների բովանդակությունը դարձնել հստակ և դյուրըմբռնելի մտավոր խնդիրներ ունեցող, ինչպես նաև տարբեր տարիքային խմբերի անձանց համար: Դրանք ներառում են բովանդակությունը, լեզուն, պատկերազարդումները, ինչպես նաև գրաֆիկական ձևավորումը և այլն:
Հստակ ձևաչափերը և մատչելիության սկզբունքները տպագրված բովանդակությունը հասանելի են դարձնում առավել մեծ թվով մարդկանց: Ուստի այս հարցում կարող եք վստահել «Զարտպրինտին»: