Բոլորս գիտենք՝ ինչ դժվար է տոներից հետո անմիջապես վերադառնալ սովորական ռիթմին և արդյունավետ աշխատանք կատարել։ Հոգեբանները տոներից ու արձակուրդից հետո առաջացած սթրեսը անվանում են «կապույտ տրամադրություն»։ Սա, իհարկե, ժամանակավոր է, բայց արագ հաղթահարումը օգտակար է բոլորին։
«Կապույտ տրամադրությունը» հաղթահարելու միակ միջոցը՝ փորձել հնարավորինս արագ վերադառնալ առօրյա ռիթմին։ Այսպիսով դուք կշարունակեք կատարել նույնպիսի արդյունավետ աշխատանք, ինչպիսին անում էիք տոներից առաջ։
Այժմ ներկայացնենք արդյունավետ աշխատանք կատարելու 6 հնարքներ, որոնք կօգնեն շատ արագ վերադառնալ նախկին տեմպին։
1․ Տարին սկսե՛ք երկարաժամկետ պլանով և անելիքների ցուցակով։
Փորձեք հատկացնել ընդամենը մեկ ժամ՝ պլանավորելու այս տարին։ Վերցրե՛ք տարեգիրք, որը պատրաստվում եք օգտագործել ամբողջ տարին, և առաջին էջում գրե՛ք 20 անելիքներ և ցանկություններ, որոնք ցանկանում եք իրագործել։ Դա կարող է ունենալ և՛ գործնական, և՛ անձնական բնույթ։ Կարևոր է, որ յուրաքանչյուր կետ լինի չափելի ու տեսանելի։ Այդպիսով, տարվա վերջում կունենաք հստակ ու գնահատելի արդյունքներ։
Բերենք օրինակ. շատերը տարին սկսելիս որոշում են նիհարել կամ օտար լեզու սովորել։ Բայց դրանք չեն կարող մտնել այդ ցուցակի մեջ, քանի որ դրանք չափելի չեն։ Տարվա վերջում դժվար կլինի գնահատել ձեր հաջողությունները։
10 կգ նիհարել։ Շաբաթական 3 օր վազել։ Շաբաթական սովորել 50 բառ` սրանք արդեն ավելի հստակ ու իրագործելի ցանկություններ են։
Այսպիսով, վերցնե՛նք տարեգիրքը և մի քիչ մտածենք՝ ինչպիսի՞ն ենք ուզում մեզ տեսնել 2019-ի սկզբին
2.Պլանավորե՛ք յուրաքանչյուր օրը։
Երկար աշխատանքից հետո ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան նոթատետրում նշել ևս մեկ կատարված գործողություն։ Ամեն առավոտ նախաճաշելիս, աշխատանքի վայրում կամ ճանապարհին հատկացրեք մի քանի րոպե՝ հիշելու և գրելու բոլոր գործողությունները, որոնք պետք է իրականացվեն հենց այդ օրը։ Ձեր բոլոր գործերը բաժանե՛ք փոքր մասերի և գրե՛ք դրանք առանձին-առանձին։ Իսկ ավարտելուց հետո ջնջե՛ք դրանք ձեր ցուցակից։
Օրվա ընթացքում դուք կբացահայտեք` ինչքան հեշտ է արդյունավետ աշխատելը, և կպլանավորե՛ք ձեր օրն ավելի ճիշտ՝ ավելի շատ ազատ ժամանակ ստեղծելով ձեզ համար։
3.Դժվարից դեպի ավելի հեշտ
Հիշե՛ք Մարկ Տվենի խոսքը. «Եթե քո աշխատանքը գորտ ուտելն է, ամենալավ տարբերակը առավոտյան առաջինը հենց դա անելն է։ Եթե քո աշխատանքը երկու գորտ ուտելն է, ամենալավ տարբերակը առաջինը ամենամեծն ուտելն է»։
Նոթատետրում օրը պլանավորելիս օգտագործե՛ք դժվարից հեշտ հնարքը։ Հիշե՛ք այն բոլոր գործերը, որոնցից պետք է հնարավորինս շուտ ազատվել, և կատարե՛ք դրանք հենց սկզբում։ Օրվա ընթացքում ձեզ կմնան միայն հաճելի ու թեթև գործերը։
4.Հասկացե՛ք՝ ի՞նչն է ամենաշատը դուր գալիս աշխատանքի մեջ, և փորձե՛ք ավելի շատ զբաղվել դրանով։
«Կապույտ տրամադրությունից» ավելի հեշտ է դուրս գալ, երբ զբաղվում ես սիրելի գործով։ Բնականաբար, բոլորիս աշխատանքի մեջ կան պարտավորություններ, որոնք տաղտկալի ու հոգնեցուցիչ են։ Տվենի գորտի օրինակով՝ փորձե՛ք արագ ավարտել և ավելի շատ ժամանակ տրամադրել ձեզ հաճելի գործերին։
Իսկ եթե կան գործեր, որոնք անտանելի են ձեզ համար, անկեղծորեն խոսեք ձեր ղեկավարների հետ. նրանք ձեզ կընդառաջեն։
5․ Ձևափոխե՛ք աշխատանքային տարածքը։
Նոր տարին դիմավորե՛ք նոր փոփոխություններով։ Ինչո՞ւ ոչ, թող այդ փոփոխությունները լինեն նաև ձեր աշխատավայրում։ Այն տարածքը, որտեղ պատրաստվում եք անցկացնել ձեր օրվա հսկայական մասը, դարձրե՛ք ձեզ համար հաճելի ու ջերմ։
Անգամ փոքիկ նկարը ձեր աշխատասեղանին կամ նոր օրացույցը ձեր պատին կարող են նոր մթնոլորտ ձևավորել ձեր աշխատասենյակում։
6.Դարձե՛ք ձեր մոտիվացիայի աղբյուրը։
«Քո գործը քո կյանքի մեծ մասն է դառնալու։ Եվ բավարարված լինելու միակ տարբերակը՝ հավատալ, որ դու անում ես հրաշալի գործ։ Իսկ հրաշալի գործ անելու միակ տարբերակը՝ սիրել քո գործը։ Եթե դեռ չես գտել այն, շարունակի՛ր որոնել։ Մի հանձնվի՛ր։ Քո սիրտը կզգա, երբ դու գտնես այն»։
Սթիվ Ջոբս
Մաղթում ենք ձեզ ուրախ ու հաջողություններով լի աշխատանքային տարի։
Ծանոթացե՛ք մեր ծառայություններին, որոնց կարիքը հնարավոր է ունենաք այս տարի։