Ամեն ինչ թվայնացվում է, բայց մարդիկ դեռևս շարունակում են տպագիր այցեքարտեր օգտագործել: Իհարկե, կան թվային այցեքարտեր և կոնտակտային տեղեկատվության փոխանակման մի շարք այլ եղանակներ, սակայն դրանցից ոչ բոլորը կարող են համեմատվել տպագիր այցեքարտի մարքեթինգային ազդեցության հետ:
Այցեքարտի կարևորությունը հաշվի առնելով, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև որոշ նրբություններ, օրինակ՝ գույնի և դիզայնի ընտրությունը, տառատեսակը, տեքստի քանակը և այլն: ԶարտՊրինտի պրոֆեսիոնալ թիմին վստահելով դուք կարող եք ունենալ եզակի ու տարբերվող այցեքարտ, իսկ որպեսզի հնարավորին հեշտ կողմնորոշվեք, թե ի՞նչ պետք է ձեր այցեքարտը «պատմի»՝ շարունակեք կարդալ:
Գույնի ընտրությունը
Շատ ընկերություններ ուսումնասիրում են գույները և դրանց նշանակությունը, որպեսզի համոզվեն՝ ընտրված գույնը արդյոք ճիշտ է ներկայացնում իրենց ապրանքանիշը: Ուշադրություն դարձրեք, որ այցեքարտի գույները համապատասխանեն բիզնեսի բրենդի գույներին: Պետք է հաշվի առնել, որ գույները հոգեբանություն ունեն ու մարքեթինգային տեսանկյունից կարող են օգնել կամ վնասել բրենդին: Մարդիկ, օրինակ՝ լավ են արձագանքում միմյանց լրացնող, ոչ ագրեսիվ գույներին, ուստի այս մոտեցումն անմիջապես գրավում է հաճախորդներին:
Պատկերի առկայությունը
Այցեքարտի նպատակն է հակիրճ, բայց կարևոր տեղեկատվություն փոխանցել ձեր և ձեր բիզնեսի մասին, ուստի պատկերի օգտագործումը կարող է փոխարինել բառերին ու առավել ամբողջական դարձնել տեղեկատվությունը:
Որպես պատկեր կարող եք օգտագործել մատուցվող ծառայությունների փոխակերպումներ, ուրվագծեր և այլն: Օրինակ, եթե բժիշկ եք, կարող եք բժշկական պարագաների իլուստրացիաներ կամ ուրվագծեր օգտագործել որպես այցեքարտի դիզայն տարր: Պատկերի օգտագործումը կնպաստի միանգամից ուշադրություն գրավել, առաջին տպավորություն թողնել:
Համարձակ դետալներ, վառ գույներ
Եթե նկարիչ եք, դիզայներ կամ ստեղծագործական ոլորտում այլ մասնագետ, կարող եք նախընտրել այնպիսի այցեքարտ, որն առավել համարձակ կլինի ու կհամապատասխանի ձեր մասնագիտությանը, ոլորտին որում ներգրավված եք: Վառ գույները, արտահայտիչ ընդգծված դետալներն անշուշտ, երկար կհիշվեն:
Տառատեսակներ
Որքան էլ կարևոր է այցեքարտի համար տպավորիչ ու հետաքրքիր դիզայն ստանալ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ ընթեռնելիության ու մատչելիության մասին: Շեղատառերից և դժվարընթեռնելի տառատեսակներից լավ կլինի խուսափել, երբ խոսքը գնում է այցեքարտի մասին: Տեքստի մասին խոսելիս կարևոր է նաև նշել, որ այցեքարտը տեղեկատվական թերթիկ չէ, երկար տեքստեր չպետք է տեղ գտնեն այցեքարտի վրա:
Ի դեպ, մատչելիությանն անդրադառնալիս նշենք, որ ԶարտՊրինտում կարող եք պատվիրել նաև բրայլյան տպագրությամբ այցեքարտեր: